Անվտանգության սերվերի ադմինիստրատորի ստուգաթերթ¶
Անվտանգության ստուգաթերթ¶
Ներկայացված հարցերն ու պատասխանները կօգնեն հասկանալ X-Road-ի անվտանգ օգտագործման հիմնական սկզբունքները։
| Հարց | Ի՞նչ ռիսկ է առկա |
|---|---|
| Ձեր անվտանգության սերվերում տեղադրվա՞ծ է X-Road-ի վերջին տարբերակը։ | Չթարմացված ծրագրային ապահովումը (software) կարող է պարունակել անվտանգության խոցելիություններ, որոնք չարտոնված կողմին կարող են հնարավորություն տալ շահագործելու ձեր անվտանգության սերվերը։ Առաջացած սխալները կարող են խոչընդոտել տվյալների փոխանակմանը։ Չթարմացված տարբերակի օգտագործման դեպքում, ADEL-ի աջակցման ծառայությունը կարող է չկարողանալ լուծել առաջացած խնդիրները։ |
| Ձեր տեղեկատվական համակարգի և անվտանգության սերվերի միջև կապը կարգավորվա՞ծ է HTTPS-ի և mTLS-ի միջոցով։ | Անվտանգության սերվերը չի կարող ստուգել, արդյոք մուտքային հարցումն ուղարկվել է ճիշտ հավելվածի կողմից, թե չարտոնված կողմից։ Հավելվածը նույնպես չի կարող ստուգել, արդյոք իրեն ուղարկված պատասխանը ստացվել է Ձեր անվտանգության սերվերից, թե չարտոնված կողմից։ |
| Ձեր արտաքին ցանցում սահմանափակվա՞ծ է անվտանգության սերվերի 8080 և 8443 պորտերին հասանելիությունը։ | Արտաքին ցանցում գտնվող ցանկացած հավելված կարող է փորձել Ձեր կառույցի անունից X-Road-ի հարցումներ ուղարկել Ձեր անվտանգության սերվերի միջոցով։ |
| Ձեր ներքին ցանցում սահմանափակվա՞ծ է անվտանգության սերվերի 8080 և 8443 պորտերին հասանելիությունը։ | Ներքին ցանցում գտնվող ցանկացած հավելված կարող է Ձեր անվտանգության սերվերի միջոցով կատարել X-Road-ի հարցումներ։ Եթե Ձեր ներքին ցանցում գտնվող որևէ հավելված հարձակման է ենթարկվել, չարտոնված կողմը կարող է օգտագործել այն՝ Ձեր անվտանգության սերվերի միջոցով X-Road-ի հարցումներ կատարելու համար։ |
| Անվտանգության սերվերն ունի՞ ցանցային հասանելիության սահմանափակումներ 4000 պորտին։ | Ցանկացած այցելու կարող է մուտք գործել Ձեր անվտանգության սերվերի ադմինի միջերես անվտանգության սերվերի պորտ 4000-ի միջոցով։ Պորտ 4000-ին հասանելիությունը պետք է տրամադրվի միայն այն անձանց, որոնց պատասխանատվությունն է անվտանգության սերվերի կառավարումը։ X-Road-ը չի սահմանափակում մուտք գործելու փորձերի քանակը։ |
| Անվտանգության սերվերի մեքենայի (machine) վրա տեղակայված է միայն անվտանգության սերվերի ծրագրային ապահովու՞մը։ | Անվտանգության սերվերի համար ոչ անհրաժեշտ ծրագրային ապահովումը կարող է բացասաբար ազդել անվտանգության սերվերի աշխատանքի վրա և ստեղծել հարձակման նոր հնարավոր ուղիներ, որոնց միջոցով չարտոնված անձը կարող է մուտք գործել համակարգ։ |
| Ձեր անվտանգության սերվերը վերահսկվո՞ւմ է։ | Եթե ավտոմատ վերահսկում իրականացված չէ, կարող եք անվտանգության սերվերի խափանման մասին տեղեկանալ միայն այն դեպքում, երբ արդեն առաջացել են իրական վնասներ։ |
| Անվտանգության սերվերի հարցումների մատյանները (message logs) պահպանվո՞ւմ են։ | Եթե հարցումների մատյանները չեն պահպանվում, հնարավոր է, որ չկարողանաք գրանցել, թե ինչ հաղորդագրություններ (հարցումներ/պատասխաններ) են փոխանակվել։ Հարցումների մատյանների պահպանումը թույլ է տալիս գրանցել, թե ինչ հարցումներ են կատարվել և ինչ պատասխաններ են ստացվել դրանց վերաբերյալ։ Սա ապացույցների կարևոր բաղադրիչ է X-Road-ի միջոցով իրականացվող տվյալների փոխանակման համար, քանի որ հարցումների մատյաններն ունեն ժամանակային դրոշմ և ստորագրված են կառույցի էլեկտրոնային կնիքի հավաստագրով։ |
| Ձեր անվտանգության սերվերի համակարգային ժամանա՞կը ճիշտ է սահմանված։ | Իրական ժամանակի և անվտանգության սերվերի մատյանների (լոգերի) միջև կարող է լինել ժամանակային տարբերություն։ |
| Ձեր անվտանգության սերվերի վերականգնման պլանը պարբերաբար փորձարկվո՞ւմ է։ | Անվտանգության սերվերի թարմացված վերականգնման պլանի (recovery plan) բացակայության դեպքում տվյալների փոխանակման խափանումը կարող է տևել ավելի երկար, քան անհրաժեշտ կլիներ գործող անվտանգության սերվերը վերականգնելու և խնդիրը լուծելու համար։ |
| Ձեր անվտանգության սերվերը հասանելի՞ է ADEL-ի մոնիթորինգի համար։ | Եթե ADEL-ի կենտրոնական մոնիթորինգի անվտանգության սերվերները չեն կարող հավաքել տվյալներ, ապա դուք չեք կարող տեսնել Ձեր ենթահամակարգերի օգտագործման հաշվետվությունները, իսկ անվտանգության սերվերի տեխնիկական խափանումների դեպքում ADEL-ի աջակցման ծառայությունը ստիպված կլինի ձեզնից լրացուցիչ տվյալներ պահանջել։ |