Տվյալների ծառայության սեփականատիրոջ անվտանգության ստուգման հարցեր¶
Անվտանգության ստուգաթերթ¶
Ներկայացված հարցերն ու պատասխանները կօգնեն հասկանալ ADEL-ի անվտանգ միջերեսի ապահովման կարևոր բաղադրիչները։
| Հարց | Ի՞նչ ռիսկ է առկա |
|---|---|
| Ունե՞ք հոսթինգի պայմանագիր անվտանգության սերվերի սեփականատիրոջ հետ։ | Այս դեպքում կարող է բացակայել ընդհանուր համաձայնությունը, օրինակ՝ անվտանգության սերվերի երաշխավորված հասանելիության, ոչ աշխատանքային ժամերին միջադեպերին արձագանքելու և այլ հարցերի վերաբերյալ։ Հոսթինգի պայմանագիրը օգնում է տվյալների ծառայության սեփականատիրոջ և անվտանգության սերվերի սեփականատիրոջ միջև սահմանել հիմնական պայմանավորվածությունները։ Օրինակ՝ անվտանգության սերվերի հասանելիության, ծառայությունների մատուցման մակարդակի չափանիշների (SLA), ինչպես նաև սպասարկման աշխատանքների մասին ծանուցումների վերաբերյալ։ Հոսթինգի պայմանագիր կարող է անհրաժեշտ չլինել, եթե տվյալների ծառայության սեփականատերը և անվտանգության սերվերի սեփականատերը նույն կառույցի կազմում են։ |
| Ձեր հավելվածը, անվտանգության սերվերի հետ HTTPS կապի միջոցով հաղորդակցվելիս, օգտագործո՞ւմ է mTLS։ | Եթե չի օգտագործվում mTLS, անվտանգության սերվերը չի կարող հաստատել, որ մուտքային հարցումն ուղարկվել է համապատասխան հավելվածի կողմից և ոչ թե չարտոնված կողմից։ Նույն կերպ հավելվածը չի կարող հաստատել, որ ստացված պատասխանը տրամադրել է օգտագործվող անվտանգության սերվերը և ոչ թե չարտոնված կողմը։ Եթե չի օգտագործվում HTTPS, հավելվածի և անվտանգության սերվերի միջև փոխանցվող տվյալները չեն գաղտնագրվում և անվտանգ չեն։ |
| Ունե՞ք տվյալների ծառայության օգտագործման պայմանագիր Ձեր տվյալների ծառայության օգտագործողների հետ։ | Եթե տվյալների ծառայության օգտագործման պայմանները կողմերի միջև հստակ սահմանված չեն, ապա կարող են չկիրառվել տրամադրվող տվյալների ամբողջականությունն ու գաղտնիությունն ապահովելու համար անհրաժեշտ անվտանգության միջոցները։ Արդյունքում Ձեր տեղեկատվական համակարգում առկա տվյալները կարող են արտահոսել կամ չարաշահվել։ ՀՏՄ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետը պահանջում է տվյալների ծառայությունների տրամադրում և օգտագործում՝ անդամների միջև կնքված տվյալների ծառայության օգտագործման պայմանագրի համաձայն։ |
| Պահպանո՞ւմ եք Ձեր տվյալների ծառայության օգտագործողների կոնտակտային տվյալները։ | Տվյալների ծառայությունից օգտվողների կոնտակտային տվյալների բացակայության դեպքում հնարավոր է, որ տվյալների ծառայության խափանումների կամ սպասարկման աշխատանքների ընթացքում չկարողանաք ժամանակին տեղեկացնել նրանց։ Կոնտակտային տվյալների առկայությունը կարևոր է, որպեսզի ճգնաժամային իրավիճակներում կարողանաք արագ կապ հաստատել Ձեր տվյալների ծառայության օգտագործողների հետ։ |
| Ունե՞ք անվտանգության սերվերի սեփականատիրոջ հետ համաձայնեցված ընթացակարգ հարցումների մատյանների պահպանման համար։ | Համաձայնության բացակայության դեպքում հարցումների մատյանները կարող են չպահպանվել անհրաժեշտ ժամանակահատվածով։ Օրինակ՝ ձեզ կարող են անհրաժեշտ լինել վերջին 3 տարվա հարցումների մատյանները, սակայն անվտանգության սերվերի սեփականատերը կարող է սահմանել դրանց պահպանումը միայն 1 տարվա համար։ Հարցումների մատյանները կարող են օգտագործվել որպես տվյալների ծառայության օգտագործման և տվյալների ծառայության միջոցով փոխանցված կամ փոխանակված տեղեկատվության ապացույց։ Սա կարող է կարևոր լինել տվյալների ծառայության օգտագործմանն առնչվող իրավական վեճերի առաջացման դեպքում։ |
| Ձեր հավելվածի կամ տեղեկատվական համակարգի ծրագրային ապահովումը պարբերաբար թարմացվո՞ւմ է։ | Եթե ADEL-ի հետ ինտեգրված տեղեկատվական համակարգը կամ հավելվածը պարունակում է անվտանգության խոցելիություններ (օրինակ՝ հնացած գրադարաններ կամ այլ ծրագրային ապահովում), ապա տեղեկատվական համակարգը/հավելվածը կարող է դառնալ չարտոնված հասանելիության թիրախ։ Դա կարող է հանգեցնել տվյալների արտահոսքի, ամբողջականության կորստի և այլ խնդիրների, որոնք կարող են լուրջ հետևանքներ ունենալ տվյալների ծառայություն տրամադրողի և տվյալների ծառայությունից օգտվողների համար։ |
| Ձեր ADEL-ի ենթահամակարգերը և դրանց կոնտակտային տվյալները գրանցվա՞ծ են ADEL միջավայրում։ | Եթե Ձեր ADEL-ի ենթահամակարգերի համար կոնտակտային տվյալներ նշված չեն, տվյալների ծառայությունից օգտվողները կամ ADEL-ի աջակցման ծառայությունը կարող են չկարողանալ արագ կապ հաստատել Ձեզ հետ լուրջ խնդրի առաջացման դեպքում։ ADEL-ի ենթահամակարգերի վերաբերյալ տեղեկատվության լրացումն օգնում է Ձեզ և ADEL-ի մյուս անդամներին հստակ պատկերացում կազմել, թե ինչ նպատակով է նախատեսված տվյալ ենթահամակարգը։ |
| ADEL-ի միջավայրում ներկայացվա՞ծ են Ձեր կողմից տրամադրվող տվյալների ծառայությունները։ | Եթե Ձեր տվյալների ծառայությունները ներկայացված չեն ADEL-ի միջավայրում, տվյալների ծառայություններով հետաքրքրված անձինք կարող են Ձեզ դիմել հարցերով, որոնցից հնարավոր կլիներ խուսափել՝ ծառայությունների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն տրամադրելու դեպքում։ Բացի այդ, ADEL-ի միջավայրը հնարավորություն է տալիս ավելացնել տվյալների ծառայություններին վերաբերող փաստաթղթեր և կցված նյութեր, oրինակ՝ տվյալների ծառայության օգտագործման պայմանագիրը։ |